National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.11.2022
Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
1 / 1

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, տարածական տվյալների ոլորտում վճարների, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ նախագծերի փաթեթով սահմանվում են նաեւ տարածական տվյալների ստեղծման եւ մշակման աշխատանքների ցանկերը, տարածական տվյալների եւ դրանց առնչվող ծառայությունների տրամադրման եւ օգտագործման համար գանձվող վճարները, արտոնությունները, մետատվյալներին առնչվող հարցերը, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք, որի տարր է ազգային գեոպորտալը՝ տարածական տվյալների ենթակառուցվածքները միավորող համակարգը:

«Առաջին անգամ դասակարգվել են գեոդեզիական եւ քարտեզագրական համապատասխան ֆոնդերը»,- ասել է Սուրեն Թովմասյանը:

Նշվել է, որ ներկայումս պրակտիկայում գործում են տարածական տվյալների ստեղծման եւ օգտագործման չկարգավորված հարաբերություններ, ինչն էլ դարձել է պատճառ նախագծերի փաթեթի մշակման համար, որոնք միտված են կարգավորելու գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաեւ տարածական տվյալների ոլորտները:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի հավաստմամբ օրենսդրական փաթեթով կսահմանվեն վճարների այն տեսակները, որոնք պետք է գանձվեն համապատասխան մարմինների կողմից՝ պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման եւ դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար: Սահմանվելու են նաեւ նոր վճարների տեսակներ (դրանք 12-ն են), որոնց դրույքաչափերը տատանվում են 1000-ից մինչեւ 80.000 դրամի սահմաններում:

«Ազգային գեոպորտալի թողարկումը հնարավորություն կտա ուղղել երկրում առաջին քարտեզագրման բոլոր սխալները»,- նշել է Սուրեն Թովմասյանը:

ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել էր մի շարք նկատառումներ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է Կադաստրի կոմիտեին ԱԺ մասնագետների հետ առաջին ընթերցումից հետո քննարկել բոլոր խնդրահարույց դրույթներն ու գտնել համապատասխան լուծումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթին:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է նոյեմբերի 9-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am